Wednesday, November 4, 2009

Շնչելու մասին

Ճիշտ շնչառությունը մեր կենսագործունեության առաջին հիմնարար գործառույթն է: Սակայն, զարմանալիորեն, մենք սթրեսային իրավիճակներում միշտ չէ, որ շնչում ենք, ինչպես հարկն է: Խորը, հանդարտեցնող ներշնչմանը արագորեն փոխարինում են օդի կարճատև, հապշտապ կլանումները, ինչից ողջ մարմինը սկսում է տառապել: Մեր հիմնարար առողջության ու բարեկեցության երեք առանցքներն են շնչառությունը, քունն ու հանգիստը: Սակավ շնչառությունը, որ կարող է բարձր ճնշման արգասիք լինել, արագորեն գլխացավ է առաջացնում: “Շնչիր...”.. որքան հաճախ ենք ինքներս մեզ ասում այս բառը`լարված կամ սթրեսային իրավիճակում հայտնվելիս: Չնայած շնչառությունն առկա է առանց մեր գիտակցական կառավարման, այն կարող է ենթարկվել զանազան լուրջ ազդեցությունների: Հենց որ սկսենք լարվել` անմիջապես մեր կրծքավանդակի մկանները ձգվում են, ու խանգարվում է թոքերի ընդարձակման պրոցեսը: Այս մկանների ձգման զգացողությունը կարող է ծայրաստիճան տհաճ լինել, և խորհուրդ է տրվում բժշկի խորհուրդը հարցնել այսպիսի իրավիճակում հայտնվելու դեպքում, հատկապես եթե այդ զգացողությունը մեր մարմնի ձախակողմյան հատվածում է: Եթե նույնիսկ ոչ մի լուրջ բան չլինի էլ, անհրաժեշտ է նախևառաջ փարձել հանդարտվել, կարգավորել շնչառությունը` դարձնելով այն ավելի խորն ու ռիթմիկ: Այս անելիս պետք չէ շտապել: Շատ կարևոր է, որպեսզի հանդարտվելն ու շնչառության կարգավորումը կատարվեն զգալով, այլ ոչ մեխանիկորեն:
Բազմաթիվ շատ օգտակար շնչառական վարժություններ կան, որոնք հիմնված են շնչառության բնույթի ուսումնասիրման վրա, և որոնք կարելի է սովորել Յոգա Գիտության համակագից, սակայն, վարժանքները սկսելուց առաջ նախ պետք է Յոգայի լավ ուսուցիչ գտնել, որովհետեև եթե Յոգայի մարմնական պարզագույն դիրքերի (ասանաների) կիրարկման համար այդքան էլ պարտադիր չէ ուսուցչի ներկայությունը, ապա շնչառական վարժությունների (պրանայամայի) կիրարկումն անպայման պահանջում է փորձված ուսուցչի ներկայություն` վտանգավոր սխալներից խուսափելու համար: Հիշեք. Երբեք մի փորձարկեք Յոգայի շնչառական վարժություններ միայն լոկ գրքով կամ նույնիսկ դի-վի-դի-ով: